Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն, որն անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ երեք նորաստեղծ դաշինք եւ 7 կուսակցություն, որոնց թվում է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը: Ներկայացրել են 41 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Վարդեւան Հակոբյանը, երկրորդ տեղում է «Պրես Ստենդ» ՍՊԸ տարածքային տնօրեն Կարեն Սոսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում անդրադարձել է մի շարք թեմաների:
- «Զարթոնքի» հետ
«Զարթոնք» կուսակցության հետ մեր համագործակցությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես այն ունի իրավաբանական մեծ թիմ: Իրավաբաններից, փաստաբաններից, պատրաստված կադրերի մեծ թիմ, որի օգնության ու աջակցության կարիքն ընտրություններից հետո անպայման ունենալու ենք: Համագործակցությունը պայմանավորված է նաեւ ազգային ու քրիստոնեական արժեքներով, որը կուսակցության հիմքն է»
- «Մեր թիմն ասելիք ու անելիք ունի»
«Հանդիպումների ընթացքում հաճախ է պատահում, հատկապես խոսքը վերաբերում է Գյումրու տնակային թաղամասերին, որտեղ անօթեւան մնացած մեր համաքաղաքացիները բախվում են խնդիրների առաջին հերթին իրավաբանական: Օրենքով պետք է կարգավորվի նման հարցերը: Մենք արդեն ունենք մշակված նախագիծ, որով պետք է շարժվենք առաջ եւ այդ գործընթացը համակարգելու է հենց իրավաբանական թիմը: Ապրում են տնակում, բայց տարածքը նրանց չի պատկանում, քաղաքապետարանը նրանց տարածք չի տրամադրում եւ մարդիկ փաստացի մնում են օդից կախված: Իմ կարծիքով սա առաջնային խնդիրներից է ու այստեղ մեր փաստաբաններն ու իրավաբանները լուրջ ասելիք ու անելիք ունեն: Նրանք պետք է զբաղվեն հենց նման խնդիրներով ու դա պետք է անեն անշահախնդիր»
- «Ժամանակն է թեւ ու թիկունք լինել մեր քաղաքին»
«Մեր առաջին համարն է Վարդեւան Հակոբյանը, որը կառավարչական մեծ փորձ ունի: Աշխատել է պետական համակարգում, հիմա սեփական բիզնեսն ունի: Մեր թիմում հիմնականում ընդգրկված են մարդիկ, որոնք սեփական փորձով ցույց են տվել ու ապացուցել, որ հնարավոր է ստեղծել, կառուցել ու շենացնել՝ անկախ խնդիրներից ու ստեղծված պայմաններից: Հասել են մի կետի, երբ ժամանակն է նաեւ այդ փորձով կիսվել մնացածից հետ, թեւ ու թիկունք լինել ու ամեն կերպ աջակցել: Կարճ ասած հաշվի է առնվել մեր թիմի անդամների կառավարչական մեծ փորձն ու տարբեր գաղափարներ կյանքի կոչելու հմտությունները»
- «Ազգանվեր գաղափարներ՝ ի շահ Գյումրու եւ գյումրեցու»
Անձամբ ես մինչ այս եղել եմ այս թոհուբոհի մեջ: Ճիշտ է, երբեք հանդես չեմ եկել որպես թեկնածու, սակայն պրոցեսի մեջ եմ եղել: Կրկնեմ՝ ժամանակն է, որ մեր թիմի փորձառու ու փորձ ունեցող, ճանապարհ հարթած ու անցած մարդիկ ստանան հնարավորություն իրենց մտքերը, ազգանվեր գաղափարները կյանքի կոչել՝ ի շահ հարազատ քաղաքի եւ գյումրեցու: Այս ընթացքում յուրաքանչյուրն իր տեղում կարողացել է ինչ-որ արժեք ստեղծել, գործ անել, սակայն ավելին անելու համար, չեմ վախենա ասել, անհրաժեշտ են նաեւ որոշակի լծակներ:
- «Պետք է պահենք ու պահպանենք՝ ապահովելով մեր քաղաքի ու երկրի զարթոնքը»
«Չէի ասի, որ շատ խոցված է Գյումրին ազգային արժեքների ու քրիստոնեական գաղափարների առումով: Ամեն դեպքում մեր քաղաքը շարունակում է տարբերվել իր ավանդական լինելով: Վստահ եմ՝ կորիզն ու միջուկը կպահի ու կպահպանի քաղաքը միշտ անկախ ամեն ինչից: Ընդհանուր պատկերն է մի փոքր աղավաղված եւ այս ֆոնին կան արժեքներ, որոնք պարբերաբար ոտնահարվում են: Մենք գտնում ենք, որ պետք է ամեն գնով պահենք ու պահպանենք մեր ազգայինն ու քրիստոնեականը, պետք է պահենք աչքի լույսի պես: Երբեմն փորձ է արվում օտարածին ու անհասկանալի տարրեր ներմուծել հայի, ինչու չէ հենց գյումրեցու առօրյա եւ հաշվի չի առնվում մեր ազգայինն ու ավանդականը: Պետք է դիմադրենք, պահենք ու պահպանենք՝ ապահովելով մեր քաղաքի ու երկրի զարթոնքը:
- «Պատրաստ ենք լծվել Գյումրին կառուցելու բարդ, բայց հաճելի գործընթացին»
«Տեսեք, անցած տարիների ընթացքում քաղաքում շատ բան է արվել, կան նաեւ բաներ ոչ չի արվել: Չեմ ուզում ոչ մեղադրել, ոչ քննադատել եւ դրա իրավունքն էլ չունեմ, քանի որ ես ինքս այդ ամենին մասնակցել եմ ոչ ֆորմալ ձեւով: Ունեինք շատ խնդիրներ, որոնք վաղուց լուծվել են ու դարձել պատմություն, կան նաեւ չլուծված հարցեր, որոնք պատրաստ ենք մենք լուծել, եթե Աստված կամենա: Հիմա, որ սկսենք խնդիրներն առանձնացնել ու ըստ ոլորտների բաժանել, ապա շատ են, բայց ավելի առարկայական լինելու համար պետք է տեղում դրանց ծանոթանալ: Կարեւորը՝ «Զարթոնք» կուսակցությունն ու մեր թիմը պատրաստ ենք լծվել Գյումրին կառուցելու բարդ, բայց միեւնույն ժամանակ հաճելի գործընթացին»
- «Լինել հասանելի»
«Ստացվել է այնպես, որ գործունեությանս ընթացքում եվրոպական շատ երկրներում եմ եղել տարբեր հարցերով՝ սկսած կրթականից մինչեւ փորձի փոխանակում: Հասանելիության առումով տեսել եմ բաներ, որոնք կարելի է եւ ժամանակն է կիրառել մեզ մոտ ու դա միայն լավ արդյունքի կբերի: Եվրոպական քաղաքներում, գյուղերում պաշտոնյաներն ու կառավարիչները հենց բուն իմաստով հասանելի են բոլորին: Կտրված չեն հասարակությունից ու իրականությունից եւ հավասարը հավասարի նման ապրում են իրենց համաքաղաքացիների կողքին ու գրեթե նույն առօրյայով: Այդ փորձը պետք է կիրառել: Հայաստանում առհասարակ, իսկ Գյումրիում մասնավորապես նման մոտեցումները գուցե դժվարամարս են ու մեր մշակույթի մաս դեռ չեն կազմում, բայց ժամանակի ընթացքում կարելի է դա կյանքի կոչել: Քաղաքապետեր, պաշտոնյաներ եմ տեսել ու հանդիպել, որոնք իրենց գործն են անում, վայելում են շրջապատի հարգանքն ու վստահությունը՝ առանց շքախմբերի ու կորտեժների»
- «Լինել իրատես»
«Խոսքն այստեղ անկեղծության մասին է: Պետք է անկեղծ լինել ու չզբաղվել պոպուլիզմով: Վերեւում նշեցի, որ կան խնդիրներ քաղաքում, որոնց լուծումները գտնելու համար պետք է ծանոթ լինել դրանց խորքից եւ միայն դրանից հետո առաջարկել լուծման տարբերակներ: Պետք է անկեղծ լինել քաղաքի բնակիչների հետ: Երբ համայնքապետարան-բնակիչ հարաբերությունների հիմքում անկեղծությունն է, ապա այդտեղ եւ քաղաքն է շահում, եւ բնակիչը: Եթե մեր շփումն անցնում է անկեղծության մթնոլորտում, ապա դրանից ելնելով բոլոր հարցերին սկսում ենք իրատեսորեն նայել: Ունենք այն, ինչ ունենք: Բոլոր հարցերին պետք է իրատեսորեն մոտենալ ու անտեղի խոստումներ չպետք է շռայլել: Չպետք է խուսափենք մեր ունեցածից՝ առավելություններով ու թերություններով, խնդիրներով հանդերձ»
- «Գյումրին պետք է ունենա ուժեղ ու հեղինակավոր ավագանի»
«Կարծում եմ՝ մեր քաղաքի ավագանու ինստիտուտը հղկվելու տեղ ու կարիք ունի: Ավագանին պետք է զբաղվի վերոնշյալ ու այլ խնդիրները բարձրաձայնելով ու դրանց ճիշտ լուծումներ տալով: Առանց շահի ու հետին մտքի, պետք է քո ներուժդ, կարողություններդ, փորձդ ու հմտություններդ ներդնես, որ քաղաքում քարը քարին դրվի: Պետք է ճիշտ որոշումներ կայացվի՝ կշռադատված, իրատեսական, որ արդյունք ունենանք»
- «Զարթոնքն» ունի իր սկզբունքները եւ առաջնորդվում է դրանցով»
«Զարթոնք» կուսակցությունն ունի իր սկզբունքները եւ առաջնորդվում է դրանցով: Մենք որպես կուսակցության մի մաս հարգում ենք այդ ամենն ու ընդունում: «Զարթոնք» կուսակցությունով ենք մասնակցում ընտրություններին, բայց չենք ցանկանում ամեն ինչն ընդհանրացնել: Մի փոքր այլ է, երբ խոսքը գնում է կոնկրետ քաղաքի, մեկ այլ բան, երբ խոսում ենք երկրի մասին»
- «Որոշողը գյումրեցին է ու ընտրությունը պետք է լինի նրա գիտակցված որոշումը»
«Մինչ օրս գյումրեցին քաշում է երկրաշաժի դառը ու ծանր լուծը: Կարելի է ասել շատ վերքեր դեռ չեն սպիացել: Այս ֆոնին շատ դժվար է թեկուզ նույն քաղաքային իշխանության առումով որոշում կայացնելը: Միեւնույն ժամանակ վստահ եմ մի բանում: Ինքս 1988 թվականի ծնունդ եմ ու իմ մաշկի վրա եմ զգացել ու զգում այդ արհավիրքի հետեւանքները: Օրվա ընթացքում շատ մարդկանց հետ եմ շփվում. ընկերներ, գործընկերներ, հարազատներ, բարեկամներ, հարեւաններ: Գյումրեցին այսօր մի վիճակում է, որ ինքդ ոչ մի ազդեցություն նրա վրա չես կարող ունենալ՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի: Գյումրեցին իր ներսում ունի կայացրած որոշում: Նույնիսկ եթե դեռ չի կայացրել, ապա դա չի անի ինչ-որ մեկի ազդեցության ներքո: Դեռ ժամանակ կա մինչեւ ընտրության օրը եւ օրեցօր պատկերը կարող է փոխվել: Որոշողը գյումրեցին է ու ընտրությունը պետք է լինի նրա գիտակցված որոշումը»
- «… «քամին» շատ բան ունի մաքրելու»
«Մեր թիմին միավորել է հավատքը: Մեկս մյուսիս հավատում ենք ու վստահ ենք՝ կարող ենք: Քաղաքում այսօր տրամադրությունն անկայուն է, իսկ նման պայմաններում վատն ու չարը պարբերաբար գլուխ են բարձրացնում: Հավատում ենք, որ մենք ի զորու ենք կայունացնել տրամադրությունը քաղաքում ու հնարավորինս մաքրել չարը, վատն ու նախանձը մեր քաղաքից: Վարդեւան Հակոբյանը դա ի նկատի ուներ, երբ ասում էր «քամին» շատ բան ունի մաքրելու»
- «Փորձելու ենք գյումերցուն հասցնել այն բանալի կետերը, որոնք վաղը բացելու են լուսավոր դռներ»
«Եթե ուզում ես, որ քեզ հասկանան, պետք է խոսես քո լեզվով: Եթե ուզում ես դու հասկանաս պետք է խոսես նրանց լեզվով: Ասածս ինչ է. մարդիկ այսօր մոտիկից իրար հետ շփվելու կարիք ունեն: Այստեղ կրկին գալիս ենք վերը նշված հասանելիության գաղափարին, անմիջականությանը: Վերցրել ենք մի ընթացք, երբ կարեւոր չէ թե քանի հոգու հետ կհանդիպենք: Փորձելու ենք հնարավորնիս շատ մարդու հանդիպել, զրուցել ու քարոզել մեր մոտեցումներն ու հասցնել այն բանալի կետերը, որոնք վաղը բացելու են լուսավոր դռներ գյումրեցու առաջ: Կլինենք այնտեղ, որտեղ կա գյումրեցի ու որը կիսվելու ցանկություն ունի, շփվելու ու ճանաչելու ցանկություն ունի: Հասանելի ենք բոլորի համար»
- «Ավելի լավ Գյումրի եմ տեսնում՝ ավելի հումորով, ավելի բարեկարգ…»
«Մերն արհավիրք տեսած քաղաք է ու անցած տասնամյակների ընթացքում կարողացել է իր մեջքն ուղղել: Ճիշտ է, փոքր, շատ փոքր քայլերով ենք առաջ գնում, բայց գնում ենք: Սա էլ է առաջընթաց իմ կարծիքով: Չպետք է սա աննկատ թողնել ու անտարբեր անցնել այս ամենի կողքով: Ինքս լավատես եմ, հետեւաբար իմ կանխատեսումներում լավ է լինելու: Տեսեք, մեր թիմում շատերն իրենց կյանքում ինչ-որ մակարդակի ու արդյունքի հասել են՝ սկսելով ամենաներքեւից ու դա արել են հետերկրաշարժյան տարիներից ու ապագայի հետ կապված հարցին նայում եմ այդ տեսանկյունից: Հինգ կամ տասը տարին անց ավելի լավ Գյումրի եմ տեսնում՝ ավելի հումորով, ավելի բարեկարգ, ավելի նախանձախնդիր, ավելի բարձր տրամադրությամբ»
- «Ընտրություն կատարելու որոշումը պետք է լինի յուրաքանչյուր գյումրեցու գիտակցված որոշումը»
«Ոչ վաղ անցյալում այսքան տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ ու տուրիստներ չկային քաղաքում: Պատմամշակութային քաղաք է՝ հուշարձաններով լի, բայց քիչ էին այցելուները: Հիմա պատկերն էականորեն փոխվել է: Ի՞նչ ենք դրա համար արել. քաղաքի պատմական միջուկում մի քանի փողոց ենք հիմնանորոգել ու փաստացի դրա արդյունքում երկրի ամբողջ տուրիստական շարժը կենտրոնացել է Գյումրիում: Ստացվում է՝ ինչքան տեղ ու անելիք ունենք մեր քաղաքն ավելի լավը ու գրավիչ դարձնելու համար: Տուրիստը գալիս է, գումար է ծախսում, իսկ օգտվողը գյումրեցին է: Վստահ եմ՝ այս ամենը տրամադրություն է փոխում, քաղաքը նոր շունչ է առնում: Ամեն ինչ մեր ձեռքում է, գյումրեցու ձեռքում է ու որոշողն ինքն է արդյոք ուզում է մասը դառնալ Գյումրու զարթոնքին»
- «Շատ բացեր ունենք, որոնք պետք է լրացնել»
«Իմ կարծիքով նորմալ է, որ հիմա քիչ են մնում տուրիստները Գյումրիում: Շատ բացեր ունենք, որոնք պետք է լրացնել: Այդ ժամանակ կմնան ու երկար կմնան»
- «Քայլ առ քայլ պետք է փորձենք Գյումրին դարձնել աշխարհի իսկական կենտրոնը»
«Մեր թիմում ընդգրկված են բիզնես կապեր ունեցող, փորձառու, գործից հասակացող տարբեր ոլորտների մասնագետներ: Նրանց ունեցած փորձը, կապերն ու գիտելիքները դեռ չեն ներդրվել մեր քաղաքում: Անկախ նրանից, թե ինչպես մեր ուժը ներկայացված կլինի Գյումրու համայնքապետարանում, կարծում եմ մեծ օգուտ կլինի քաղաքին: Տեսեք օդանավակայանը վերանորոգվեց: Սա եւս մեկ հնարավորություն է մեզ համար տարբեր գաղափարներ կյանքի կոչելու ու Գյումրին շենացնելու գործում: Ամեն մի առիթ ու հնարավորություն պետք է օգտագործենք եղածը պահելու, ավելացնելու, զարգացնելու համար՝ սկսած ենթակառուցվածքներից, հանգստյան գոտիներից մինչեւ ամենափոքր դետալը: Իհարկե միանգամից ոչինչ չի լինում եւ քայլ առ քայլ պետք է փորձենք Գյումրին դարձնել, ինչպես գյումրեցին է սիրում ասել, աշխարհի իսկական կենտրոնը: Այդ ճանապարհին հապաղելու իրավունք չունենք, քանի որ դրա ժամանակը պարզապես չունենք: Պետք է ճիշտ կանոնակարգել ու ցույց տալ, օրինակ, պոտենցիալ ներդրողին այն պարզ ու հասկանալի ճանապարհը, թե ինչու պետք է նա գումարներ ներդնի մեր քաղաքում: Նա այդ ամենին պետք է նայի բիզնես տեսանկյունից, այլ ոչ թե գա բարեգործություն անի ու գնա: Ինքը պետք է գա Գյումրի, ներդրումն անի, շահույթ ու հաճույք պետք է ստանա դրանից: Ճանաչում եմ անհատների, որոնք այս ընթացքում դրսում աշխատած իրենց գումարները ներդրել են Գյումրիում: Այսինքն տեսել են այդ լույսը ու հավատում են, որ կարող են այստեղ արդյունքի հասնել: Մեզ մնում է օգնել ու աջակցել նման մարդկանց»
- «Ազգային ու քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական լծակներ»
«Ինչ էլ անենք, պարտադիր պետք է ուղղված լինի քաղաքին ու պետք է բխի գյումրեցու շահից: Ցանկացած որոշում պետք է օգուտ լինի, այլապես չի լինի արդյունք: Եթե միայն մեր մասին մտածեինք, ապա չէինք մտնի այս ընտրական գործընթացի մեջ: Փառք Աստծո, մեր թիմի անդամներն իրենց տեղում ու ոլորտում կարողացել են ինչ-որ բան ստեղծել ու եթե այդ տեսանկյունից նայենք, ապա ոչինչ չէր խանգարում նրանց շարունակել հանգիստ ապրել: Մենք մնացել ենք քաղաքում, շարունակում ենք ապրել Գյումրիում, այստեղ ենք մեր գործունեությունը ծավալում ու մենք պետք է մեր մասնակցությունն ունենանք քաղաքի զարգացման ու առաջընթացի գործում: Մենք ուզում ենք մեր մասնակցությունն ունենալ ու կունենանք, եթե ցանկանա գյումրեցին՝ յուրաքանչյուրս իր ուժերի սահմանում, հաճախ՝ գլխից վեր ցատկելով»: