Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն, որն անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ երեք նորաստեղծ դաշինք եւ 7 կուսակցություն։ Նորաստեղծների թվում է «Գյումրին կռնա» դաշինքը: Այն ընդգրկում է «Հայք» (Հայկազուններ), «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցություններն ու Գյումրու «Ազգային արժեք ակումբը»։ Ներկայացրել են 20 հոգանոց ցուցակ։ Գյումրու «Ազգային արժեք ակումբի» անդամ Արմեն Ներսիսյանն է ներկայացրել Գյումրու զարգացման իրենց պատկերացնումները:

  • «Գյումրին կռնա» դաշինքը, որում ընդգրկված է «Ազգային արժեքը ակումբը», ընտրություններին մասնակցում է խոր գաղափարական հիմքով, բայց արդյո՞ք տեղին է քաղաքային ընտրություններին մասնակցել նման օրակարգով, երբ շատերը քաղաքի կենցաղային խնդիրներից են խոսում։
  • Մեր կարծիքով նույնիսկ քաղաքի պարզ, կենցաղային խնդիրներն ածանցվում են գաղափարական հիմքից։ Վերջինիցս է բացահայտվում և՛ այդ խնդիրների դասակարգման ու լուծման առաջնահերթությունները, և՛ այն գործիքակազմը, որն ավելի արդյունավետ է համարվելու դրանց լուծման ճանապարհին։ Իհարկե հիմա հասարակական միտքը, հասարակական օրակարգերն այնքան պրիմիտիվ են դարձրել, որ այս հարցերի լուծման գաղափարական հիմքի մասին խոսելը համարվում է վերածական, երազի պես մի բան։ Մարդկանց սովորեցրել են, որ պետք է մի քանի թվերով, բացասական էներգիա պարունակող, անձնական վիրավորանք պարունակող լեքսիկոնով ներկայացվեն խնդիրներ ու դրանք դարձնեն գերնպատակ։ Խոսքը ոչ թե խնդիրների լուծման մասին է, այլ միայն դրանց բարձրաձայնման. ով ավելի բարձր և շատ է բղավում, նա է կրելու դափնին։ Ու այդպես շարունակ, մարդիկ իրենց կոմֆորտի զոնայում հայտնվելով, պարզ կենցաղային խնդիրների մասին բղավելով, նույնիսկ ամեն ինչ անում են, որ դրանք հանկարծ չլուծվեն, որովհետև իրենք զրկվելու են այդ խնդիրները ներկայացնելու հնարավորությունից, իրենց տեղից ու կարգավիճակից։ Մեր մոտեցումները, քանի որ տարբերվում են բոլորից, այս հարցում ևս ունենք ոչ ստանդարտ մոտեցում։ Իսկ գյումրեցին ամբողջը հասկանում է։ Մենք այս փուլում ամբողջ թափով ներկայացրեցինք մեր գաղափարական հենքը, որտեղ հստակ երևում էր խնդիրների դասակարգման ենթակարգությունը։ Ըստ այդմ, առաջնայինը ազգապահպանման, պետականության պահպանման պահանջների սպասարկումն է, որից հետո այդ ամենը պրոյեկտելու ենք քաղաքի վրա։ Գյումրի 2030-ի մեր թռիչքի 10 բարձունքներն ենք ներկայացրել։ Իսկ մեթոդաբանությունը կներկայացնենք հաջորդիվ:
  • «Գյումրին կռնա» դաշինքի լոգոյի վրա գմբեթ է պատկերված: 
  • Մեր ամբողջ ընթացքը խարսխվում է գաղափարական խորը համոզմունքների վրա, հետևաբար գմբեթի պատկերումը նույնպես բխում է այս տրամաբանությունից։ Մենք բազմիցս նշել ենք, որ արհեստական բանականությամբ պայթեցված է մեր հավաք բանականությունը և ինքնությունը։ Բաց հասարակություն, բաց երկինք և այլն: Տեսնո՞ւմ ենք ուր մեզ հասցրեցին։ Գմբեթն ինքնին ենթադրում է արժեքային ամբողջությամբ և՛ պաշտպանել արտաքին մարտահրավերներից ու սպառնալիքներից, և՛ իր հովանու տակ խորանել բոլոր ազգային նախաձեռնությունները, կոնկրետ պարագայում՝ մեր քաղաքի զարգացումը, համայնքային կյանքի կազմակերպումը։ Հատուկ պետք է շեշետեմ, որ խոսքն ամբողջ արժեքային համակարգին է վերաբերում,  հասարակական կյանքի բոլոր ոլորտներին, և ոչ միայն եկեղեցական։

  • Դուք եւ ձեր համախոհներն ասում եք, որ Գյումրիում կառուցելու եք գաղափարական հենքով հոգևոր-արժեքային տաճար: Ինչի՞ մասին է խոսքը։
  • Սա նախորդ մտքի տրամաբանական շարունակությունն է։ Մեր հոգևոր-արժեքային տաճարը կառուցվում է 7 հիմնասյուների վրա.
  1. Գյումրին պետք է լինի հայկականության օջախը։ Մենք բազմիցս նշել ենք, որ մինչ այժմ բացակայել է հայկականության ընկալման և արտահայտման միասնական հիմքը։ Դրա համար հաճախ հայկականությունը կառուցվել է ընդդեմների և ոչ հանունների վրա ու գրեթե միշտ ունեցել է իներցիոն բնույթ, իսկ ազգային հզոր ներուժը ողջ մոլորակի կտրվածքով իրացվել է անարդյունք՝ միայն խիստ ժամանակավոր խնդիրների շուրջ որոշակի արդյունք ապահովելով։ Հանրագումարում մենք ունեցանք ոչ միայն բզկտված, իրար հետ ու հայրենիքի հետ չհաղորդակցվող սփյուռք, այլև ապարժեքային քաոս ստեղծվեց բուն Հայաստանում և Հայաստանը բառիս բուն իմաստով նվաճվեց դրսի ուժերի կողմից։ Հիմա հիմք է դրվում հայկականության միասնական դիմագծին, այսինքն քաղաքակրթական նույնականացման արժեքային բաղադրիչների ամբողջությամբ  սահմանվում է հայկականության ընկալման ու իրացման միասնական հիմքը։ Յուրաքանչյուր հայ, արժեքային նույնականացման ենթակարգությամբ ինքն է որոշում՝ ո՞ր մակարդակի կրողն է, համակեցության ո՞ր մակարդակում է նույնականանում հայկականության հետ՝ ցեղի՞, տոհմի՞, ժողովրդի՞, ազգի՞, թե՞ քաղաքակրթության։ Եվ այս ամենի օջախը մենք տեսնում ենք Գյումրին։
  2. Գյումրին պետք է լինի ազգային զարթոնքի կենտրոն։ Այսօր Երևանը, բոլոր իրական ազգային ուժերի կողմից դիտարկվում է որպես անդեմ ու ազգային բովանդակությունից զուրկ կոսմոպոլիտ մեգապոլիս՝ քաղաք։ Հետևաբար, ազգային զարթոնքի համար անհրաժեշտ են նոր կենտրոններ։ Մենք դա տեսնում ենք Շիրակ-Սյունիք-Արցախ-Տավուշ աշխարհագրական քառանկյան մեջ։ Ըստ այդմ, Գյումրին ազգային վերազարթոնքի կենտրոն է դառնալու, ինչի համար քայլերն արդեն իրականացվում են, իսկ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջոցառումները՝ Աշխարհաժողով, Ազգային նախաձեռնությունների կողմից հուշագրի ստորագրում, ամենամեծ դրոշը որպես միասնության ու վերազարթոնքի խորհրդանիշ, ամբողջությամբ բխում են հենց այս տրամաբանությունից։
  3. Գյումրին պետք է լինի ազգապետության դարբնոցը։ Այսօր բոլորն են խոսում ազգային պետության մասին, դա կարծես մոդա է դարձել, բայց բուն բովանդակության և կառուցվածքի մասին լռում են, քանի որ չեն պատկերացնում։ Մեզ մոտ հստակ ձևակերպված է պահանջը՝ քաղաքակրթական հիմքով ազգապետության կառուցում՝ Հայկական լեռնաշխարհում։ Ազգապետության կառուցման և՛ կառավարման-քաղաքական, և՛ տնտեսվարման (շրջանառու հիմնադրամներ՝ ազգային հարստության կառավարում), և՛ մշակութային հիմքերը մեզ մոտ մշակված են։ Հիմա եթե «Գյումրին կռնա» դաշինքը հաջողում է, ապա Գյումրին դառնում է ազգապետության դարբնոցը։
  4. Գյումրին պետք է լինի Հայկական երազի ճամփեն։ Ընդհանրապես, «Հայկական երազ» քաղաքակրթական նախագիծը հանրային օրակարգ ներմուծել է Գյումրու «Ազգային Արժեք ակումբը»` հստակ բովանդակությամբ և սահմանմամբ։ Հայկական երազով ամբողջանում է մեր ազգային առաքելությունը, մեր հավաք ամբիցիան, որի նպատակադրումների մեջ ոչ միայն ազգային պետության կերտումն է Հայկական լեռնաշխարհում, այլև միասնական ազգակեցության սահմանումն է ամբողջ աշխարհում՝ արդար Աշխարհակարգի հաստատումը։ Հետևաբար գործում է նույն պարզ բանաձևը․ եթե հաջողում է «Գյումրին կռնան», ապա Գյումրին դառնում է «Հայկական Երազի» ճամփեն։
  5. Գյումրին պետք է լինի մշակութային մայրաքաղաք: Դրա մասին շատ է խոսվել ու ոչ միայն մեր կողմից։ Ուղղակի մեկ հավելում. մենք Գյումրին տեսնում ենք հոգևոր-արժեքային, բարձր մշակութային կենտրոն, որտեղ ազգային և համամարդկային մշակույթը ներդաշնակվելու է։ Այսինքն, պարզ է դառնալու մի բան. եթե սպառողական, զանգվածային ու գռեհիկ մշակույթ են մարդիկ ուզում, ապա կարող են կենտրոնանալ Երևանի վրա, իսկ արժեքային մշակույթի մայրաքաղաքը պետք է լինի Գյումրին։
  6. Գյումրին պետք է լինի քաղաքակրթական վերելքի սկիզբը։ Այսօր աշխարհը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ, առկա է քաղաքակրթական լուրջ ճգնաժամ, որի հաղթահարման փորձերը տարբեր տեղեր կատարվում են։ Սակայն, քանի որ մեզ մոտ է ամեն ինչ պայթեցված, ապա վերելքն էլ մեզանից է սկսվելու, այլընտրանք չկա։ Հետևաբար, եթե հիմնասյուները հերթով կյանքի ենք կոչում, ապա անխուսափելի է դառնում նաև այն փաստը, որ հենց Գյումրին է դառնալու քաղաքակրթական վերելքի մեկնակետը։
  7. Գյումրին պետք է լինի հագևոր-արժեքային տաճար։ 7 հիմնասյուների միջոցով, Գյումրին դառնալու է ապագայի հայի, ապագայի մարդու սնուցող երակը։ Իսկ ապագան, նյութապաշտության, անհագ սպառողականության փոխարեն հոգևոր-արժեքայինն է։ Հետևաբար, նորից գործում է պարզ բանաձև․ եթե «Գյումրին կռնա» դաշինքը հաջողում է, ապա Գյումրին դառնալու է հոգևոր-արժեքային տաճար ողջ մարդկության համար։